
Մոտ մեկ ամսից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի։ Մարտի 26-ի մեր ազգային թիմը Տաշքենդում ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի հետ, իսկ արդեն մարտի 30-ին Ալմաթիում կհյուրընկալվի Ղազախստանին։ Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը Հայաստանը անց էր կացրել անցյալ տարվա մարտին Պալերմոյում 9։1 հաշվով զիջելով Իտալիային։ Ու հիմա առաջին հարցը, որ ծագում է առաջիկա մրցավեճերից առաջ այն է թե ո՞ւմ գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան։ 2019 թվականի վերջին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկրպագուներն ակնկալում են փոփոխություն նաև Հայաստանի ազգային հավաքականում: Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ ազգային թիմի մարզիչ էր նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Այսօր ՀՖՖ-ն խզեց պայմանագիրը նաև Խաշմանյանի հետ։ Թե ինչ տեղի ունեցավ մեր ազգային թիմի հետ այս մասնագետի գլխավորությամբ՝ կրկին վերհիշել ուղղակի չենք ցանկանում:
Սթափ գնահատելով իրավիճակը՝ կարող ենք միայն նշել, որ այս պահին մեր գլխավոր թիմին անհրաժեշտ է եվրոպացի բանիմաց մասնագետ, որն ի զորու է թիմը դուրս բերել կոմայից: Այո, այս պահին Հայաստանի հավաքականը շարունակում է գտնվել կոմայում, որից դուրս գալու առաջին քայլը թեկուզ հոհեբանական առումով պետք է լինի առաջիկա մրցավեճերում հաղթելը։ Այս տարի մասնակցելու ենք Ազգերի լիգայի խաղարկությանը, որը հերթական փորձությունը կլինի մեզ համար: 2020 թվականի մեկնարկին հարկ ենք համարում արձանագրել այն իրավիճակը, որում գտնվում ենք հիմա, և փորձել գնահատել մեր իրական հնարավորությունները: Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Եվրո-2020-ի ընտրական փուլում: 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Ֆուտբոլասերների շրջանում շատ էին քննարկվում վիճակահանության արդյունքները և գնահատվում մեր հավաքականի հնարավորությունները: Մնում էր միայն հասկանալ, թե որը պետք է լինի մոտիվացիան և ինչի համար կարող էինք պայքարել: Իհարկե, բոլորս սրտի խորքում ցանկանում էինք, որ մեր ֆուտբոլիստները պայքարեն առաջին կամ երկրորդ հորիզոնականի համար: Բայց ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ բան: Մեր հավաքականի վերջին հանդիպումները ապացուցեցին, որ եզրափակիչ փուլի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:
J ենթախումբը, որտեղ ընդգրկված էր Հայաստանի հավաքականը ընդգրկված էին միանգամայն տարբեր մակարդակի թիմեր: Ընդգծված ֆավորիտը անկասկած աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան էր, որը թեև կադրային խնդիրներ ուներ, բայց ապացուցեց, որ դասվում է թոփ հավաքականների շարքում: Իտալիայում տեղի է ունենում սերնդափոխություն, և երիտասարդ կադրերը բնականաբար նոր շունչ հաղորդեցին հեղինակավոր թիմին: Բոսնիա-Հերցեգովինան Հունաստանը և Ֆինլանդիան որոշակի վերապահումով կարելի էր դասել նույն հարթության վրա: Եվ վերջապես ամենաթույլ օղակում մենք էինք և Լիխտենշտեյնը: Վերջինիս հետ Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումները ցույց էին տվել, որ մեր ազգային թիմը խաղամակարդակով առանձնապես չի տարբերվում գաճաճ մրցակցից: Դրանում համոզվել էինք նաև անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Լիխտենշտեյն-Հայաստան մրցավեճից հետո:Նման դիրքում մենք հայտնվել ենք տարիների ընթացքում կատարված ավերիչ գործողությունների հետևանքով: Ուստի եթե միանգամայն իրատես լիենք, պետք է արձանագրենք, որ Եվրո-2020-ի մեր նվազագույն խնդիրը պետք է լիներ Լիխտենշտեյնին հետևում թողնելը:
Այս խնդիրը կարծես լուծեցինք, սակայն ունեինք հնարավորություն մեզնից կարգով ավելի բարձր հավաքականներից գոնե մեկին շրջանցելու: Այսինքն՝ եթե Հայաստանի հավաքականին հաջողվեր ենթախմբում զբաղեցնել, ասենք, 4-րդ հորիզոնականը և 5-րդ տեղում թողնել ասենք Հունաստանին, կարելի կլիներ ասել, որ մեր ֆուտբոլիստները լուրջ քայլ են կատարել: Քայլ, որը հնարավորություն կտար 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ավելի լուրջ խնդիր դնել՝ ընդհուպ մինչև երկրորդ հորիզոնականի համար պայքար: Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց քայլ առաջ կատարել: Այո, վերջին երկու տուրերից առաջ գտնվում էինք երրորդ հորիզոնականում և ունեինք հնարավորություն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու, բայց… Ձախողումներին շատ ենք անդրադարձել և դեռ կանդրադառնանք: Հիմա, սակայն, պատեհ առիթը չէ դրանց մասին խոսելու: Համակարգային փոփոխություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում մեր իրական հնարավորությունները սթափ գնահատելը, ինչպես նաև օբյեկտիվորեն լուծելի խնդիրներ դնելը ազգային թիմի առաջ:Ինչ խոսք, ֆուտբոլում հրաշքներ լինում են, բայց հրաշքների հետևից ընկնել ուղղակի չի կարելի:
Այս պահին Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ ամենաթույլ՝ օղակում: Հենց այս օղակից պետք է սկսի աշխատանքը Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչը: Իսկ թե ում գլխավորությամբ Հայաստանի հավաքականը Տաշքենդում խաղադաշտ դուրս կգա հայտնի կդառնա մոտ ապագայում։