Նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դարձավ այն գործիչներից մեկը, ով հակակառավարական շեշտադրումներով հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին: Նա հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում, որի հիմքում ավանդույթներն են և առաջընթացը:
Բազմիցս նշվել է, որ Արթուր Վանեցյանը առանց Նիկոլ Փաշինյանի կամ առանց նախկին իշխանությունների աջակցության ի զորու չէ առանձին քաղաքական գործոն դառնալու: Ավելին՝ փորձագիտական ու քաղաքական շրջանակների մի շարք ներկայացուցիչների գնահատմամբ՝ նա ընդամենը խամաճիկ է և ընկալվում է որպես որոշ քաղաքական շրջանակների շահերի սպասարկու:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արկադի Վարդանյանը և Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
«Մեկնաբաններից ոմանք ասում էին գնացել է Ռուսատանից տղա բերելու: Բայց իմ կարծիքով՝ Մոսկվայից տղա բերելու կարիք չկա, այդ տղան արդեն հարյուր տարի է Հայաստանում է, և նրա հրահանգներով էին ապրում նախկին իշխանության գործիչները: Ցավոք այդ նույն հետագծով, համենայնդեպս արտաքին քաղաքականության ասպարեզում, շարժվում է նաև այսօրվա իշխանությունը, որը մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանը արտաքին քաղաքականության առումով չի շեղվի իր ընտրած ուղուց:
«Ռուսաստանից այստեղ եկած տղա» ասելով՝ քաղաքագետը նկատի չունի մեկ անձի. «Տղա չէ՞ արդյոք 102-րդ ռուսական ռազմաբազան, բոլոր նախկինները՝ հինգերորդ շարասյունը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, Հ. Թովմասյանը Ռուսաստանի տղաները չե՞ն, որոնք միշտ շարժվել են Ռուսաստանի քաղաքական հետագծով և երբեք չեն թաքցրել այդ հանգամանքը: Ողղակի Վանեցյանն ինքնաբացահայտվեց, մանավանդ այն պահին, երբ խոսեց Կադիրովի հետ իր ընկերական հարաբերությունների մասին, ինչը ամոթալի էր»:
Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի օրերս հրավիրած մամուլի ասուլիսին՝ նշեց, որ այն տխուր տպավորություն թողեց. «Այդ ասուլիսից բացահայտվեց, որ մեր տպագիր մամուլի խմբագիրների մեծ մասը հակահեղափոխականներ են: Այս պարագայում երկրում առաջընթաց դժվար թե լինի, քանի որ գրեթե հակահեղափոխության կոչ անող մամուլի ղեկավարություն ունենք: Մեդիաոլորտը լրջագույն ճգնաժամի մեջ է»:
Մանրամասն՝ տեսանյութում: