Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՎԶԵԲ պատվիրակությանը՝ այդ կառույցի փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործակցությունը թե՛ միջկառավարական, թե՛ մասնավոր սեկտորում: Նաև խոսվել է ՎԶԵԲ տարեկան համաժողովը Երևանում անցկացնելու մասին՝ 2021 թվականին, ինչի վերաբերյալ որոշումն արդեն կայացած է: Հայաստանի համար դա անշուշտ կարևոր իրադարձություն է: Հանդիպմանը խոսելով այդ մասին՝ նշվել է նաև այդ միջոցառման օգնությամբ Հայաստանը ֆինանսական միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքը:
Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունն ամենատարբեր ուղղություններով է, որոնցից մեկն էլ Հայաստանի հետհեղափոխական գլխավոր թնջուկներից մեկն է՝ Ամուլսարի հարցը: Այդ ներդրումային նախագծում մասնակցություն ունի նաև Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկը: Ընդ որում, բանկի ներգրավվածությունը փաստարկվում է որպես ծրագրի բնապահպանական բարձր ստանդարտի վկայություն, քանի որ ՎԶԵԲ-ը ներգրավվում է միայն այդ ստանդարտների առկայության պարագայում:
Ինչպես հայտնի է, Հայաստանում բնապահպանական շրջանակներն ու տեղի բնակչության մի մասը չեն ընդունում բնապահպանական բարձր ստանդարտի ու անվտանգության հավաստիացումը և արգելափակել են Հայաստանում արևմտյան խոշորագույն ներդրումային ծրագիրը: Արդեն մոտ երկու տարի Հայաստանի կառավարությունը կանգնած է այդ մեծ դիլեմայի առաջ՝ ինչ անել և ինչպես անել: Մի կողմում հանրային պահանջն է, որը կարող է վերածել քաղաքական ձնագնդի, մյուս կողմում՝ միջազգային ներդրումային շրջանակներ, հեղինակավոր կառույցներ, արբիտրաժի ու ներդրումային վարկի ռիսկ:
Տիգրան Ավինյանի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրությունում խոսք չկա Ամուլսարի վերաբերյալ քննարկումների մասին, սակայն դրանից, իհարկե, խնդրի սրությունը չի նվազում:
Միաժամանակ այն նոր ֆոն է ստանում ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրության հանրաքվեի ֆոնին: Հանրաքվեն դիտարկվում է իշխանության համար վստահության քվե: Եթե այն ստացվի, ապա արդյոք իշխանությունը այդ քվեն կօգտագործի՞ հեղափոխությունից հետո մի շարք խնդրահարույց հարցերում այս կամ այն լուծումը առաջ մղելու համար և այդ թվում նաև՝ Ամուլսարի հարցում:
Անկասկած է, որ թե՛ ծրագիրը շարունակելու, թե՛ չշարունակելու առումով պահանջվելու է համարձակ և պատասխանատու որոշում, ինչի համար հանրային վստահության քվեն ունի էական նշանակություն: Մյուս կողմից՝ խոսքն այս դեպքում կարող է լինել նաև մեթոդաբանության մասին՝ հարցը լուծել դարձյալ հանրաքվեի օգնությամբ: Բայց այդ դեպքում էլ որոշակի հարցադրում է լինելու՝ հանրաքվեն լինի տեղակա՞ն, թե՞ համապետական նշանակության: