ՊԵԿ-ը օրերս հրապարակել է 2019-ի արդյունքներով Հայաստանի 1000 հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Այս առնչությամբ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը ուրախալի է համարում այն հանգամանքը, որ եթե նախկինում խոշոր հարկատուները զբաղվում էին հիմնականում բաշխման գործողություններով, ապա այժմ գործ ունենք իրական հատվածի հետ. «Խոսքը առաջին խոշոր հարկատուի մասին է: Առաջին կարևոր հանգամանքն այն է, որ նախ՝ այն հիմնված է գյուղատնտեսության վրա, երկրորդ՝ հենվում է մշակող արդյունաբերության վրա, և ամենակարևոր երրորդ համգամանքն այն է, որ այդ կազմակերպության արտադրանքը ՀՀ-ից արտահանվում է»:
Նրա խոսքով՝ տնտեսության լավագույն ձևավորման տեսանկյունից պետք է շարժվել այս մոդելով. «Հենվենք այն համեմատական առավելությունների վրա, որ ունի մեր հանրապետությունը՝ արև ու ջուր, որակյալ աշխատուժ, մշակող արդյունաբերություն, և դրա հիմնական արդյունքը պետք է լինի արտահանումը»:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Հա նշում ենք, որ լավ չի, լավ չի, բայց սա այն ոլորտներից մեկն է, որ չենք կարող միանգամից սահմանափակել»:
Աշոտ Մարկոսյանն ընդգծեց՝ այդ հազար կազմակերպությունների ցանկում առաջին 100-ը տալիս է ըստ էության ամբողջ հարկերի ծավալի կեսից ավելին. «Սա նույնպես վկայում է կենտրոնացվածության մասին»:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը հավելեց, որ 1000 խոշոր վարկատուների ցանկից դուրս է եկել «Վալեքս գրուպը», որը տարիներ շարունակ առաջատար էր. «Այդ գրուպի ֆինանսական գործունեությունը կառավարող մարդն այսօր ղեկավարում է մեր էկոնոմիկան: Հարց՝ ինչո՞ւ գնաց ֆինանսական կործանման և 1000 հարկատուների շարքից դուրս գալու, և մարդը, որը ֆինանսական գործառույթն է արել, հիմա մեր էկոնոմիկան է ղեկավարում. մտորելու տեղիք է տալիս»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: