Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- մեջբերել է հեռուստաալիքը Չինաստանի ղեկավարի խոսքը:
Ինչպես ընդգծել է Ցզինպինը, Պեկինը գործի է դրել բոլոր ռեսուրսները, որպեսզի առավելագույնս արագ հակազդի կորոնավիրուսի տարածմանը: «Թոքաբորբի բռնկումը չի կարող արգելակել Չինաստանի տնտեսական զարգացումը:Մենք բացարձակապես վստահ ենք, որ կհաղթենք վիրուսին: Մենք դրա համար ամեն ինչ ունենք», – ընդգծել է Չինաստանի նախագահը:
Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրիին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին վստահություն է հայտնել, որ Չինաստանի ուժն ու համառությունը կօգնեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել համապարփակ համագործակցությունը: