Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտգործնախարարների արտահերթ նիստը: Դրան մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը, Չինգիզ Այդարբեկովը, Մուխթար Տլեուբերդին, Աբդուլազիզ Քամիլովն ու Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը:
Ըստ Մամեդյարովի, որը հանդիպմանը հանդես է եկել բացման խոսքով, իրենք կքննարկեն թյուրքական խորհրդի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության, Բուդապեշտում Խորհրդի գրասենյակի ընդլայնման հարցերը: Այնուհետև հանդիպումը շարունակվել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության:
Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Այդարբեկովի և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Ամրեևի հետ: