Լուսացույցի տակ կանգնած էի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը մոտեցավ ինձ, ասաց՝ հեռախոսդ տուր, ասացի՝ ի՞նչ է եղել, ինձ ասաց՝ ասեցի տուր ասում եմ։ Մինչեւ էտքանն ասացի՝ հարվածեց ինձ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով դատական նիստին ասաց գործով տուժող Հովհաննես Բալավանյանը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։