Հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցավ մահվան ելքով հերթական պատահարը։ Այդ օրը 20:30-ի սահմաններում 23-ամյա Խաչատուր Թադևոսյանը մարտական հենակետում խախտել է զենքի զենքի հետ վարվելու կարգն ու անզգուշությամբ վնասել համածառայակից 19-ամյա Կոյլա Մեսրոպյանին, վերջինս մահացել է։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 373-րդ հոդ. 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը)։
Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Կոլյա Մեսրոպյանի թաղման արարողությունը։ Այսօր զոհվածի հարազատներին ցավակցելու էինք գնացել։ Ապրում են փոքրիկ ու անխնամ տան մեջ։ Տան անդամների հետ ցավը կիսում էին հարազատներն ու հարևանները։ Հարևաններից տարեց մի կին ասաց.
– Ոսկի տղա էր, հաստատ չեմ հավատում, թե էդ երեխեն մի վատ բան արած լիներ։ Առողջ բալին տարան, դիակը բերեցին, ով ա սրա համար պատասխան տալու։
«Կոլո – 19»։ Սև ժապավենը կախված էր Գորկու փողոցի 108 տան դիմաց։ Գրեթե մեկ տարի առաջ էր մեկնել զինծառայության, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր բուհ, սովորելու հետ մեկտեղ գիշերային ժամերին աշխատում էր տոնավաճառում, հոր մահից հետո իր վրա էր վերցրել տան հոգսը, խնամում էր միայնակ մորն ու ծեր պապիկին։ 18 տարին լրանալուն պես Կոլյա Մեսրոպյանը մեկնել էր ժամկետային զինծառայության։ Մտերիմներն ու հարևանները պատմում են, որ օրինակելի տղա էր, հասնող, աշխատասեր ու դեռ շատ նպատակներ ուներ։ Դեպքից երկու ժամ առաջ էր խոսել մոր հետ, ասել էր՝ մամ ջան, արդեն կոչում են տալու, ինձ լավ եմ դրսևորում, ասել էր ու գնացել մարտական հերթապահության։ Այդ օրը վերջինն էր 19-ամյա պատանու համար. ծառայակից ընկերոջ անփութության պատճառով նա զոհվեց խաղաղ պայմաններում։










































