Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։ Նախորդ դատական նստին պաշտպանները Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, քննիչ մերժել:
Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է,որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։