Եվրամիության երկու երկրներ լուրջ դիվանագիտական առճակատման առաջ են կանգնել: Պատճառը ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, գնդապետ Միխայիլ Գոլովատովն է, որին Ավստրիայի իշխանությունները բաց են թողել կալանքից: Մինչ այդ Գոլովատովին ձերբակալել էին Լիտվայի դատախազության կողմից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Սակայն, ի վերջո, Վիեննան հրաժարվեց նրան արտահանձնել Լիտվային:
Լիտվան արդեն ետ է կանչել իր դեսպանին քննարկումների համար: КГБ-ի հատուկ ջոկատի`«Ալֆայի» նախկին ղեկավարի ազատ արձակման համար Լիտվան պատրաստվում է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Լիտվայի խորհրդարանի պատգամավոր Սաուլիս Պյաչյալյունասը:
Տեղեկացնենք, որ Լիտվան նրան ցանկանում էր ձերբակալել 1991 թ. հունվարի 13-ին մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, երբ ԽՍՀՄ КГБ-ի հատուկ ջոկատի գործողությունների հետևանքով սպանվել էին մարդիկ, իսկ Լիտվայի իշխանությունները դրա հիմնական մեղավորներից մեկն են համարում Գոլովատովին: