Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված Գերմանիայի երկու քաղաքացիները վարակվել են 2019-nCoV կորոնավիրուսով: Այս մասին հաղորդվել է Ռեյնլանդ-Փֆալց նահանգի Գերմերսհայմ շրջանի վարչակազմում:
Նշվում է, որ Չինաստանից տարհանված Գերմանիայի 115 քաղաքացիները երկիր ժամանելուն պես հայտնվել են կարանտինի տակ: Այսպիսով, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10-ի:
Փետրվար 1-ին Չինաստանից Գերմանիայի քաղաքացիներին տեղափոխող գերմանական հատուկ ռազմական ինքնաթիռը չի կարողացել միջանկյալ վայրէջք կատարել Մոսկվայում: Սկզբնապես պլանավորված էր, որ Airbus A310-ը, որում ավելի քան 120 ուղևոր կար, պետք է վերալիցքավորվի ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում, որից հետո շարունակի թռիչքը: Ավելի ուշ, չնայած նախօրոք ձեռք բերված վայրէջքի թույլտվությանը, գերմանական ինքնաթիռը մերժում է ստացել՝ օդանավակայանի ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ: Դրանից հետո օդանավը թռել է Հելսինկի:
Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանի գործողություններն անվանել են ոչ բարեկամական, իսկ մերժման պատճառը՝ մտացածին: