Airbus A350-900 ինքնաթիռների շարժիչների անջատման հետ կապված միջադեպերի պատճառ է հանդիսացել սրահում թափված թեյը: Հետաքննությունը վարում են Airbus ավիաշինարարական կոնցեռնը և ավիացիոն սարքավորումներ արտադրոող Rolls-Royce ընկերությունը, գրում է FlightGlobal-ը:
Մասնավորապես, հունվարի 21-ին նման դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Միչիգան նահանգից Սեուլ թռչող Delta ավիաընկերության ինքնաթիռում: Անձնակազմը ստիպված է եղել ընդհատել թռիչքը և արտակարգ վայրէջք կատարել՝ շարժիչի խափանման պատճառով: Հայտնի է, որ դրանից քիչ առաջ շարժիչի կառավարման վահանակի վրա հեղուկ է թափվել:
Նմանատիպ դեպք է գրանցվել անցած տարվա նոյեմբերին: Այդ ժամանակ օդաչուներից մեկը սարքավորումների կենտրոնական վահանակի վրա թեյ է թափել, ինչից հետո հանկարծակի անջատվել է ինքնաթիռի աջ շարժիչը:
Երկու ինքնաթիռները նորմալ վայրէջք են կատարել, միջադեպերի արդյունքում թռիչքի անձնակազմից և ուղևորներից ոչ մեկը չի տուժել: Նախնական տվյալներով, երկու դեպքում էլ տեղի ունեցածի պատճառը եղել է «հեղուկի թափվելը», բայց մանրամասները դեռ պարզվում են: