Մոսկվան հավատարիմ է ստանձնած պարտավորություններին: Այսպես է Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը մեղադրել է ռուսական կողմին Սիրիայի հարցով պայմանավորվածությունները չկատարելու համար՝ հայտնում է interfax-ը:
Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ ոչ միայն Մոսկվան, այլև Թեհրանը դադարել են պահպանել Սիրիայում իրավիճակը կարգավորելու համաձայնագիրը: «Այժմ Աստանայի գործընթացն այլևս գոյություն չունի: Այն լռել է, կամ էլ նրան լռեցրել են», – ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը պետք է վերսկսեն բանակցությունները:
Էրդողանը դա ասել է Իդլիբ նահանգում տեղի ունեցած ծանր մարտերի ֆոնին, որտեղ հունվարի 12-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որի շուրջ պայմանավորվել են Մոսկվան և Անկարան: Ըստ աղբյուրի՝ իրավիճակը տարածաշրջանում ծայրահեղ անկայուն է. տարեսկզբից ի վեր բանակի դիրքերը ռմբակոծվել են ավելի քան 1,2 հազար անգամ, ինչին ի պատասխան՝ զինված ուժերը ստիպված են եղել իրականացնել հարձակողական գործողություններ՝ ներառյալ լայնածավալ և ռուսական ավիացիայի մասնակցությամբ: