Չեխ ծրագրավորողների խումբը երկու օրվա ընթացքում անվճար կայք է ստեղծել, որի վրա իշխանությունները նախատեսել էին 401 միլիոն կրոն ծախսել (16 միլիոն եվրո): Novinky.cz-ի փոխանցմամբ, 60 ծրագրավորողներ երկօրյա հաքաթոն են կազմակերպել և իրենց մշակումը հանձնել իշխանություններին, ինչից հետո ռեսուրսի ստեղծման համար պատասխանատու նախարարն ազատվել է աշխատանքից:
Ծրագրավորողներին վրդովեցրել է պայմանագրի արժեքը, ինչպես նաև այն փաստը, որ արագընթաց ավտոճանապարհներով երթևեկելու թույլտվությունների վաճառքի կայքի և հավելվածների մշակման համար նախատեսված մրցույթը եղել է փակ:
Ի պատասխան Actum Digital ՏՏ ընկերության սեփականատեր Թոմաս Վոնդրաչեկը կոչ է արել համայնքին միավորել ուժերը և մրցույթի պահանջներին բավարարող արտադրանք ստեղծել՝ բայց անվճար: Նրան աջակցել են ավելի քան 300 մասնագետներ: Արդյունքում 60 կամավորից բաղկացած ծրագրավորողների խումբը հանգստյան օրերին գրել է Ferznamka.cz կայքի համար նախատեսված ծրագրային կոդը և այն նվիրել պետությանը: