Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
Մինչ հանձնաժողովի ձևավորման կարգին և ակնկալիք փոփոխություններին անդրադառնալը, չե՞ք ասի՝ բավարարվա՞ծ եք արդյոք գործընթացով, և ըստ ձեզ՝ որքանո՞վ էր այն ներառական․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հայ ազգային կոնգրես կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը պատասխանեց․ «Մենք մի քիչ ավելի ֆունդամենտալ ենք նայում այս հարցին։ Մենք համարում ենք, որ շատ ավելի խորքային խնդիր ունենք և շատ ավելի խորքային լուծումների կարիք ունենք։ Հանձնաժողովը ձևավորվել է վարչապետի որոշումով, որից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովը լուծելու է մասնակի խնդիրներ։ Խնդիրներ, որոնք այսօր առաջացել են՝ կապված Սահմանադրական դատարանի, ոստիկանության, ԱԱԾ-ի հետ։ Մենք համարում ենք, որ դա խիստ անբավարար է, և Սահմանադրության հարցում պետք է արմատական, ֆունդամենտալ որոշումներ կայացնել։ Նախ ասեմ, որ այսօր մեր Սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Հայաստանի ժողովրդի վզին փաթաթվել է կառավարման մի մոդել, որին ժողովուրդը մերժել է։ Այսինքն՝ չկա որևէ իրավական ակտ, որով ցույց տրվի, որ մեր ժողովուրդը համաձայնել է կառավարման այս մոդելին»։
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց․ «Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամը կապ չունի սահմանադրական բարեփոխումների հետ։ Անկախ դրանից՝ սահմանադրական բարեփոխումները լինելու են։ Հանձնաժողովի գործունեության առաջին փուլը, ըստ էության, լինելու է շրջանակի գծագրումը, երկրորդը՝ լուծումները»։
Մանրամասները՝ տեսանյութում։