Լուրեր
Բանակը որքան էլ ուժեղ լինի, ազատամարտիկների կարիքը միշտ կա

Հայաստանն այսօր՝ հունվարի 28-ին, տոնում է Ազգային բանակի օրը: Մեր Զինված ուժերը 20 տարվա պատմություն ունեն: Հայկական բանակը իր նշանակությամբ համարվում է աշխարհաքաղաքական միավոր՝ դրանից բխող բոլոր բացատրություններով: Իզուր չէ, որ Հայաստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը պետական և հասարակական ինստիտուտներից ամենաշատը վստահում է հենց բանակին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ազատամարտիկներ, ովքեր Արցախյան պատերազմի ակունքներում են եղել՝ Հովհաննես Հարությունյանը, ով նաև ռազմական ոստիկանության հիմնադիր պետն է եղել, ՀԱԿ վարչության անդամ Սարգիս Թամազյանը և «Մեծն Տիգրան» գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը:

Ազատամարտիկների կարծիքով՝ բանակը որքան էլ ուժեղ լինի, ազատամարտիկների կարիքը միշտ կա: «Ազատամարտիկն իր առաքելությունը չի ավարտել: Կամավորի կարիքը միշտ զգացվում է»,- նշեց Հովհաննես Հարությունյանը՝ հավելելով, որ 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ էլ ազատամարտիկներն առաջինն արձագանքեցին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին մասնակցություն ունենալ այդ պատերազմում: «Ազատամարտիկի ներկայությամբ զինվորն իրեն ավելի ապահով է զգում և հոգեբանորեն ավելի «դուխով»,- նշեց Հովհաննես Հարությունյանը:

Վլադիմիր Առաքելյանը նույնպես կարծիք հայտնեց, որ ազատամարտիկները պետք է կանգնեն բանակի կողքին. «Այդ տղաների շնորհիվ է բանակն ստեղծվել: Թուրքը միշտ պետք է վախենա հայոց բանակից, և մենք՝ ազատամարտիկներս, պետք է կանգնած լինենք բանակի կողքին և ոգի տանք»:

Սարգիս Թամազյանը, կարևորելով ազատամարտիկների աջակցությունը, հավելեց, որ երբ երիտասարդ զինվորներն իրենց կողքին տեսնում են փորձված, պատերազմի բովով անցած մարդկանց, դա ոգևորում է նրանց:

«Հրազդանում 560 հոգի մարդ ունեինք ցուցակագրված, բոլորն էլ ՀՀՇ-ական էին, բայց մենք կարևոր սկզբունք ունեինք՝ երբեք ջոկատը չանվանել ՀՀՇ-ի ջոկատ. ռազմական ուժը չի կարելի քաղաքականացնել, մենք՝ բոլորս, ժողովրդի կողմից ենք գնացել»,- ընդգծեց Սարգիս Թամազյանը:

Վլադիմիր Առաքելյանը վստահեցրեց, որ «Տիգրան մեծը» նույնպես չի հարել որևէ քաղաքական հոսանքի կամ կուսակցության. «Գիտակցում էինք, որ պատերազմ է  լինելու և հարկավոր էր զինվել»:

Քննարկման մասնակիցներն անդադարձան նաև հարցին, թե երբ մեծ քաղաքականությունը սկսեց պղտորել ազատամարտիկների շարքերը:

«Երբ իշխանությունը սկսվեց ձևավորվել, ջոկատներ կային, որ սկեցին քաղաքականանալ»,- նշեց Սարգիս Թամազյանը՝ հավելելով, որ երբ 1990թ. Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ ԳԽ նախագահ, արդեն ձևավորվել էր ՀԱԲ-ը, «Դաշնակցությունը» սկսեց ինչ-որ դեր խաղալ, և տեսնում ենք, թե տարբեր ժամանակներում իր դեմքը ինչպես է ցույց տվել…»: Հովհաննես Հարությունյանը հավելեց. «Վազգեն Սարգսյանը տեսավ, որ ջոկատների կուսակցականացումը երկար չէր կարող շարունակվել, և որ անհրաժեշտություն կար միավորել ջոկատները և կազմակերպված տեսք տալ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *