Լուրեր
Հայաստանում հիբրիդային պատերազմ է և բոլոր գործիքները օգտագործվում են․ Արայիկ Հարությունյան

Իսրայելը միակ երկիրն է, որի բանակը բեռ չէ պետության համար, հակառակը՝ երկրի տնտեսության լոկոմոտիվն է, որովհետև ցանկացած նորարարություն, տեխնիկական հրաշք կիրառվում է բանակում: Ինչպե՞ս կարող ենք հասնել այդ տեսլականին, այն դեպքում, երբ միշտ ասվում է, որ հայի ուղեղը չի տարբերվում հրեայի ուղեղից: Ի՞նչ խնդիրներ կան այդ ճանապարհին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հայկական բանակը լուծում է իր առջև դրված խնդիրները. «Սակայն Իսրայելի բանակը որակական մի շարք առումներով տարբերվում է, գլխավոր առանձնահատկություններից է այն, որ իսրայելական բանակը պետության կրթության համակարգի մի մասն է կազմում, և զինվորը ծառայությունից հետո կրթական նոր մակարդակով է դուրս գալիս այդ հաստատությունից: Մենք պետք է ձգտենք, որ բանակը դառնա կրթական օղակներից մեկը, և այդ ուղղությամբ ծրագրեր են իրականացվում»:

Քննադատները նշում են, որ կրթության ոլորտում փոփոխություններ չկան, նաև նախարարին մեղադրում են ապազգային նախաձեռնությունների համար: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Դա որոշ խմբերի կողմից շահարկման արդյունք է և գալիս է սքողելու այն խնդիրները, որոնք ունեցել ենք կրթության համակարգում: Կարող ենք արձանագրել, որ կրթական համակարգում եղել են որոշակի խմբերի կցորդներ, որոնք նրանց քաղաքական շահերն են սպասարկել, մենք կամք դրսևորեցինք և համակարգը տարանք ապաքաղաքականացման… Ապազգային քաղաքականություն վարելու մեղադրանքը գալիս է նրանից, որ երկար ժամանակ ազգայինը եղել է կեղծիքը, ճնշումներ գործադրելը, իսկ հիմա այդ ամեն ինչը չկա, և իրենց մտածելով՝ սա ապազգային գործունեություն է… Կրթության համակարգում փոփոխությունները շատ արագ չեն կարող իրականացվել, սակայն մեր բարեփոխումները ուղղված են պետության ուժեղացմանը: Երեք տարի հետո կունենանք ամբողջությամբ փոփոխված կրթական համակարգ»:

Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում հիբրիդային պատերազմ է, և բոլոր գործիքները օգտագործվում են:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *