Լուրեր
Մենք մազապուրծ չենք․ Ռազմական փորձագետը հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերը
  • 17:50
  • 2020-01-28
  • Դիտումներ՝ *

28 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, կազմավորվեց Հայոց բանակը։ Հայկական զինված ուժերը դարձան մեր անկախության ամրապնդման և պետության հզորացման առաջնային գրավականը։

Հայկական բանակ ասելիս առաջին հերթին ո՞ւմ ենք պատկերացնում՝ դիրքերում ծառայող հայ զինվորին և սպաների՞ն, զորամասում աշխատող հրամանատարների՞ն, Գլխավոր շտաբում գործող գեներալների՞ն, թե՞ նաև այն բոլոր մարդկանց, որոնք այս կամ այն կերպ նպաստում են բանակի գոյություն ունենալու հանգամանքին․ «Առաջին լրատվական»-ի հարցին ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը պատասխանեց․ «Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին Հայոց բանակի տոնի կապակցությամբ, բայց ոչ կազմավորման, որովհետև Հայոց բանակն իր քայլերը սկսել է հայ ժողովրդի հետ, իսկ հայ ժողովուրդն ունի հինգհազարամյա պատմություն։ Դեռևս շումերական, աքքադական ու ասորական սեպագրեր-աղբյուրները խոսում են հայ ժողովրդի մասին։ Այնպես որ, առիթն օգտագործելով՝ կուզեի ասել, որ այսօր ոչ թե Հայոց բանակի ծննդյան օրն է, այլ այսօր Հայոց բանակի տոնն է։ Հայկական բանակը ծնվել է հայ ժողովրդի հետ և իր ծնունդը հազարամյակներ առաջ է տեղի ունեցել։ Սա փոքրիկ պատմական ռեմարկ։

Ցավոք, մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ հայ ժողովուրդը երբեք չպետք է զենքը ձեռքից բաց թողնի, իսկ կոնկրետ դեպքում՝ զենքը մեր բանակն է։ Ես միշտ ասել եմ, որ առանց Հայոց բանակի չկա հայ ժողովուրդ, առանց հայ ժողովրդի չկա Հայոց պետականություն։ Մենք այնպիսի հետաքրքիր հասարակության վրա հիմնված պետություն ենք, որ մեր բանակը մեր մարմնի մի մասն է։ Մենք այնպիսի մի երկիր չենք, որտեղ բանակն ապրում է հասարակությունից առանձին։ Մեր բանակը մեր երեխաներն են, մեր ծնողներն են, մեր եղբայրներն են, մեր բոլորիս անցած ուղին է։ Այնպես որ, ավելի լայն առումով՝ Հայոց բանակը մենք ենք։ Սա հսկայական ձեռքբերում է, որով ամեն ազգ չի կարող հպարտանալ։ Այն բարոյական մթնոլորտը, որ կա մեր բանակում, ամեն պետություն չէ, որ կարող է նման ձեռքբերումով հիանալ»։

 

 

 

  • Դիտումներ՝ *