Լուրեր
Վարչապետը հրապարակեց երրորդ 100 փաստը նոր Հայաստանի մասին. որքանով են իրատեսական
  • 09:15
  • 2020-01-28
  • Դիտումներ՝ *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական մեծ ասուլիսի ընթացքում հրապարակել է երրորդ 100 փաստը նոր Հայաստանի մասին։

Դրանց մեջ քիչ չէին նաև տնտեսական բնույթի փաստեր։ Վարչապետը նշեց, որ իր խոստման համաձայն՝ 1-2 տարում պետական բյուջեն ավելացվելու է 30-35 տոկոսով։ Տնտեսական աճի տեմպը որքանո՞վ հնարավոր կլինի պահել հաջորդ տարիներին․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը պատասխանեց․ «2018-19 թվականին հարկային եկամուտների աճի մասով բավական դրական դինամիկա է նկատվել։ Բոլորիս էլ պարզ է, որ 44 տոկոս հարկային մուտքերի աճը պայմանավորված չի եղել ՀՆԱ-ի աճով՝ մեծ մասը տեղի է ունեցել ստվերի կրճատման հաշվին։ Սակայն ստվերի կրճատումն առաջիկա տարիներին նույն ծավալով չի կարող լինել։ Ուստի, հետագա տարիներին մենք ուզում ենք այն լրացնել ՀՆԱ-ի հաշվին, այսինքն՝ կավելանա հարկվող շրջանառության ծավալը։ Կառավարության հնգամյա ծրագիրը մեզ հուշում է, որ շեշտը դրվելու է հիմնականում այն ոլորտների վրա, որոնք ռազմավարական առումով Հայաստանի համար գերակա են հանդիսանում։ Դրանք են՝ արտահանումը, նորագույն տեխնոլոգիաները, տուրիզմը, մշակող արդյունաբերությունը։ Այսինքն՝ դրանք այն ճյուղերն են, որոնք տնտեսության համար հենքային պետք է լինեն ու պետք է հանդիսանան հարկման բազա»։

Իսկ տնտեսական հարցերով ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանն ասաց․ «Մտահոգիչ է, երբ երկրում գործազրկության բարձր մակարդակ է գրանցվում։ Այն բոլոր առումներով անդրադառնում է տնտեսական զարգացման վրա։ Ցավալի է, որ մեր երկրում գործազրկության մակարդակը բարձր է ոչ միայն երիտասարդների շրջանում, այլ նաև կանանց շրջանում։ Իհարկե, 100 փաստի մեջ նշվեց, որ 2019 թվականին 2018 թվականի համեմատ գործազուրկների քանակը կրճատվել է, բայց այն կարելի է բացատրել արդյունաբերության ոլորտի ակտիվությամբ։ Սակայն երբ նայում ենք զբաղվածությունն ու այդ ցուցանիշում գրանցված որոշակի առաջընթացը, ապա դա անկեղծորեն հիմնականում պետք է բացատրել ստվերի կրճատմամբ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *