Ուկրաինան Ադրբեջանից դժգոհեց ԵՄ-ում այն բանից հետո, երբ հայկական ծագման պատճառով Բաքուն թույլ չտվեց Մերի Հակոբյանին մասնակցել «Արևելյան գործընկերության» հովանու ներքո անցկացվող «Հակամարտությունների վերլուծություն» սեմինարին: Այս մասին հաղորդում է ուկրաինական «Եվրոպական ճշմարտություն» հրապարակումը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարությունում աղբյուրներին:
Տեղեկության համաձայն, սեմինարն անցկացվել է Բաքվում հունվարի 13-16-ին, որը կազմակերպել է Եվրամիությունը՝ Արևելյան գործընկերության երկրների համար: Մերի Հակոբյանը ընդգրկված էր պատվիրակության կազմում, քանի որ Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման դեպարտամենտի ղեկավարն է:
Համաձայն փաստաթղթի, որի պատճենը ստացել է հրատարակությունը, Հակոբյանի թեկնածությունը հաստատել է Ուկրաինայի ՆԳՆ-ն և նրան ընդգրկել պաշտոնական պատվիրակության կազմում: Սակայն այցի նախօրեին ուկրաինական կողմը հաղորդագրություն ստացավ, որ Հակոբյանի մասնակցությունն անհնար է: