Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը, որ զբաղվում է տնակների հաշվառմամբ, երեք ամիս է՝ նիստ չի հրավիրել: Այդ նույն ժամանակահատվածում տեղեկություն չկա այն մասին, թե տնակներում բնակվողներից քանիսն են համապատասխանում անօթևանի չափորոշիչներին, հստակ չէ նաև՝ խնդիրը ո՞ր ծրագրով է լուծվելու՝ բնակարանաշինությա՞ն, թե՞ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս խնդրով դիմեց լրագրողը՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ հստակ կլինի՝ Գյումրիում պետությունը քանի՞ բնակարան է տրամադրելու, ո՞ր ծրագրով և ի՞նչ ժամկետում:
Վարչապետն ասաց, որ հանձնաժողովը նիստ անում է այն պարբերականությամբ, ինչ անհրաժեշտ է, բայց ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատանք է արվում: Նա նշեց՝ էլեկտրոնային տարբերակով տեղորոշվում է, ստեղծվում է պատմությունը՝ սա ինչ տնակ է, այդտեղ մարդ ապրո՞ւմ է, թե՞ ոչ, եթե ապրում է՝ որտե՞ղ է, ի՞նչ կարգավիճակ ունի, մի՞ հոգի է, ընտանի՞ք է, ինչո՞ւ է այդտեղ ապրում: