Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները մեկնաբանել է նաև հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:
Հայաստանը թավշյա հեղափոխությունից և նոր խորհրդարանի ձևավորումից հետո ցուցադրել է խոստումնալից առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում, նշված է Transparency International կազմակերպության այս տարվա զեկույցում: Անցյալ տարվա հետ համեմատած երկիրը առաջադիմել է 7 կետով:
Կազմակերպությունը Հայաստանը Կոսովոյի հետ միասին դասել է այն երկրների շարքին, որոնց զարգացումներին անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել հաջորդ տարում: Դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է, որ չնայած վերոհիշյալ բարելավումներին, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում առերեսվում է մի շարք խոչընդոտների, մասնավորապես շահերի բախման և ոչ թափանցիկ հանրային գործունեության, որոնք խանգարում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը:
Իր հերթին, հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:
Տնտեսագետը վստահ է՝ հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշում է Աճեմօղլուն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: