Համայն Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա Բ-ին տեղափոխել են Բաթում սևծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկը, որտեղ նա պլանային հետազոտություն է անցնում: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը:
Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի առողջական վիճակը չի վատացել, իսկ նրան ստացիոնար են տեղափոխել իր՝ պատրիարքի և նրա մերձավորների ցանկությամբ: «Փաստորեն ամեն տարի փետրվարին՝ տոներից հետո, մենք պլանային հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: Մենք պետք է հետազոտություն անցկացնեինք նրա՝ Թբիլիսի ժամանելուց հետո: Այնտեղ մերձավորներն այցելել են նրան և լավ կլինիկա առաջարկել Բաթումում: Այդ պատճառով հետազոտությունները կատարվում են այնտեղ»,- ասել է Շարտավան:
Հունվարի 4-ին լրացել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի 87 տարին՝ հաղորդել է Sputnik-ը: