«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում զինված անձի կողմից պատանդ վերցված քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Զինված անձի հետ անձամբ բանակցություն է վարում ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: «Իրավիճակը կայուն և վերահսկելի է: Կրակոցներից տուժածներ չկան: Պատանդ վերցված քաղաքացիներ չկան»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
Պլազայի տարածք են մուտք գործել հատուկ ջոկատայինները, ինչպես նաև շտապօգնության ավտոմեքենան: Դեպքի վայրում է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Ոստիկանությունը հունվարի 23-ին ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: