
The Economist Group-ի հետազոտական և վերլուծական The Economist Intelligence Unit բաժինը հրապարակել է 2019 թ-ի ժողովրդավարության ինդեքսը, ըստ որի Հայաստանը 165 երկրների շարքում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով բոլոր հարևաններից, այդ թվում՝ Վրաստանից:
Վրաստանը ցուցակում Հոնդուրասի հետ կիսում է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցրել է 110-րդ հորիզոնականը և Հայաստանի ու Վրաստանի հետ ներառված է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում:
Ադրբեջանը զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը՝ ընդգրկվելով ավտորիտար ռեժիմ ունեցող պետություննների շարքում: 134-րդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանը և 151 հորիզոնականը զբաղեցրած Իրանը նույնպես ընդգրկվել են ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքում:
Ամենաժողովրդավար երկիր ճանաչվել է Նորվեգիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան: Իսկ եզրափակում են ցուցակը Չադը, Սիրիան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հյուսիսային Կորեան: