Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրում արգելված «Մահմեդական եղբայրություն» խմբավորման հետ կապված և հունվարի 25-ին երկրում հեղափոխության տարելիցին մի շարք ահաբեկչական հարձակումներ պլանավորած խմբավորման անդամների ձերբակալության մասին:
Իրավապահները խմբավորման անդամներից մի քանիսին ձերբակալել են երկրի հյուսիսային Կալյուբիա նահանգի Թուխ քաղաքում: Նրանց մոտից առգրավվել է զենք, պայթուցիկ նյութեր, ձեռքի հակատանկային նռնականետ և դիպուկահար հրացաններ, ինչպես նաև տեսախցիկներով անօդաչու սարքեր, համակարգիչներ և հանրաճանաչ «Ջոկերի» պատկերով դիմակներ:
Ըստ ՆԳՆ-ի, խմբի ղեկավարները գտնվում են Թուրքիայում և թաքնվում են եգիպտական արդարադատությունից: