ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ:
«Զրույցի ընթացքում հաջողություն մաղթեցի հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:
Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ կին նախարարն է․ նա առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից: Մինչ այս Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Հավելեմ, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել նաև Լիբանանի սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Ռիչարդ Կույումջյանի հետ և շնորհակալություն հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հայ-լիբանանյան գործընկերության խթանման գործում ունեցած ներդրումի համար: Ավելի ուշ նախատեսում եմ կապ հաստատել նաև Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ»,- տեղեկացրել է Հայրապետյանը: