Կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է Fars իրանական գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամիի հայտարարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։
Նրա խոսքով՝ «Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչների վերծանումը կանցկացվի Իրանի տարածքում»: Էսլամին պարզաբանել է, որ ներկայում «աշխատանքներ են կատարվում այդ հարցի լուծման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման նախապատրաստման ուղղությամբ»:
Հունվարի 21-ին Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը, հայտնել է, որ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սև արկղերի վերծանման համար: Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի Boeing 737 հանրանավերում տեղակայված սև արկղերի մոդելից տվյալների վերծանման համար: Հունվարի 20-ին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հայտնել է, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից:
Պաշտոնյան նշել է, որ Իրանը դեռևս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սև արկղերն արտասահման ուղարկելու մասին և ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները։