Լուրեր
Սա ոտնձգություն է դատական համակարգի դեմ. Բաբաջանյանը՝ դատավորի աշխատասենյակի պատուհանի կրակոցի մասին
  • 15:52
  • 2020-01-22
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը քննարկվող թեմայից շեղվելով՝ հայտարարեց. «Երեկ երեկոյան մի շատ դատապարտելի իրադարձություն է տեղի է ունեցել՝ Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել: Կարծում եմ՝ որպես Ազգային ժողով, պետք է խստորեն դատապարտենք այսպիսի իրադարձությունները»:

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները պարտավոր են ժամ առաջ բացահայտել կատարվածը, դրա բոլոր շարժառիթները և հանցագործին կամ հանցագործների խմբին ենթարկել խստագույն պատասխանատվության. «Սա ոտնձգություն է ոչ միայն և ոչ այնքան առանձին վերցրած դատավորի, որքան Հայաստանի դատական համակարգի, արդարադատության գաղափարի նկատմամբ ընդհանրապես: Պետությունը պարտավոր է խստագույնս սրան արձագանքել և համարժեք իրավաքրեական գնահատական տալ՝ ուղերձ հղելով առ այն, որ դատավորները պետության պաշտպանության տակ են»:

Նա ընդգծեց՝ դատական համակարգը չի կարող անկախ և անկաշկանդ գործել, եթե ապահովված չեն դատավորների տարրական ֆիզիկական անվտանգության պայմանները:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *