Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք է առաջացրել Բեյրութում: Երիտասարդների բազմությունը մայրաքաղաքի կենտրոնում գրոհում է ոստիկանական ջոկատաշղթաները խորհրդարանի շենքի մատույցներում: Կարգի պահապանների վրա քարեր և պայթուցիկներ են թռչում: Ի պատասխան ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազով նռնակներ և ջրանետիչներ:
Հունվարի 21-ին Բաաբդա նախագահական պալատում հայտարարվել է կաբինետի ստեղծման մասին՝ կազմված 20 տեխնոկրատ նախարարներից: Վարչապետ Դիաբը լրագրողների առջև իր հայտարարության մեջ նշել է, որ նոր կառավարությունը «համապատասխանում է բողոքող ժողովրդական զանգվածների ակնկալիքներին և բոլոր ջանքերը կգործադրի երկրի տնտեսական և ֆինանսական իրադրության կայունացման համար»:
Նրա խոսքով՝ իշխանության գլուխ է անցել «պրոֆեսիոնալ-փրկարարների թիմը, որը կգործի արագ և արդյունավետ, բայց առանց իրարանցման»: Վարչապետն ընդգծել է, որ նոր կաբինետ են մտել տեխնոկրատներ, որոնք «երբեք չեն զբաղեցրել նախարարական պաշտոններ և պատգամավորական աթոռներ»: «Այդ մարդիկ միավորվել են իրենց երկրին օգնելու գաղափարով, և նրանք քաղաքական հավակնություններ չունեն»,- հայտարարել է Դիաբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: