Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ տեղեկացնում է TASS-ը:
«Եթե եվրոպացիները իրանական գործն ուղարկեն Անվտանգության խորհուրդ, մենք դուրս կգանք ՄԶՉՊ-ից»: Նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ «եվրոպացիների հայտարարությունները ոչ մի կերպ չի կարելի օրինական համարել»:
«Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը,- ասել է Զարիֆը:- Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»:
Զարիֆն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: