Երկու մարդ զոհվել է և հինգը մարմնական վնասվածքներ են ստացել Տեխասի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, Twitter-ում հաղորդել է տեղի ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Սան-Անտոնիո քաղաքի Ventura ակումբում։
«Ակումբում վեճ է տեղի ունեցել մի խումբ մարդկանց միջև և նրանցից մեկը հանել է ատրճանակն ու սկսել է կրակել»,- հայտարարել է քաղաքի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Մաքմանուսը։ Նա նշել է, որ մի հոգի տեղում մահացել է, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ևս մեկ տուժած։
Ինչպես նշել է Մաքմանուսը՝ բոլոր զոհվածներն ու տուժածները ակումբի մշտական հաճախորդներն են եղել։
Ոստիկանությունը ներկայումս փնտրում է կասկածյալին, որին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Միջադեպի կապակցությամբ քննությունը ընթացքի մեջ է։