Հունվարի 16-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններին. ինչ արդյունքներ և բացեր ի հայտ եկան այդ լսումների ընթացքում: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանին, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին և վերլուծաբան Աղասի Մարգարյանին:
Վահագն Թևոսյանը նշեց, որ կարիք կար ամփոփելու այս մեկ տարվա ընթացքում առաջացած տեղաշարժերը, քննարկումների արդյունքները և հասկանալու, թե որքանով են ճիշտ ընկալվել իրողությունները. «Ես կարծում ե, որ այն կարող էր լինել ավելի ընդգրկուն, կարող էին լինել ավելի լուրջ դեբատներ, եթե շահառուների մասնակցությունը ավելի մեծ լիներ»:
Անդրադառնալով լրատվամիջոցների թափանցիկ լինելու հարցին՝ Բորիս Նավասարդյանը նկատեց. «Ինձ թվում է՝ պատրանք է այն, որ հասարակությունը տեղյակ է, թե որ լրատվամիջոցը ում է պատկանում: Սովորական հեռուստադիտողները կամ թերթ կարդացողները շատ դեպքերում պատկերացում չունեն, թե ով է կանգնած տվյալ լրատվամիջոցի հետևում, և համապատասխանաբար չեն կարող կողմնորոշվել, թե որքանով է իրենց համար վստահելի այն նյութը, այն պրոդուկտը, որը ներկայացվում է: Եվ դա շատ լուրջ խնդիր է: Այդ վտանգավոր երևույթի դեմ պայքարելու հիմնական միջոցն է ունենալ որակյալ, թափանցիկ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների դաշտ, որոնց մասին սպառողն ամեն ինչ գիտի: Հակառակ դեպքում ֆեյք նյուզը շատ մեծ ազդեցություն կունենա հասարակական կարծիքի և հասարակական տրամադրությունների վրա»:
ԵՄԱ նախագահի խոսքով՝ թիրախային պայքարը ֆեյք նյուզի դեմ, երբ ինչ-որ մեկին ազատազրկում են, քրեական գործ են հարուցում, երբեք չի կարող լինել այդ լայնածավալ երևույթի դեմ պայքարի արդյունավետ միջոց:
Աղասի Մարգարյանի կարծիքով էլ՝ թափանցիկության պահանջարկը կա ամբողջ հեռուստատեսային շուկայում. «Այսինքն՝ մենք գործ ունենք փոխկապակցված իրողությունների հետ»:
Թե ինչ կտա աուդիտը՝ Վահագն Թևոսյանը նշեց, որ չվստահելու հիմքեր չկան, քանի որ ընտրված է բավական վստահելի աուդիտորական ընկերություն. «Եթե անգամ աուդիտը ոչ մի բան չհայտնաբերի, չափման մեխանիզմների գոյություն ունեցող անվստահությունը կվերականգնվի»:
Բորիս Նավասարդյանն էլ հավելեց. «Այդ կարգի աուդիտները մեկանգամյա չպետք է լինեն և պետք է կրեն մշտական բնույթ: Այդ աուդիտը պետք է պատվիրեն բուն շահառուներին միավորող կառույցները. սկզբի համար գուցե ընդունելի է, բայց ընդհանրապես նորմալ չէ, որ այդ աուդիտը նախաձեռնում է կառավարությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: