Հյուսիսային Կորեայի իշխանությունները փոխել են երկրի ԱԳՆ ղեկավարին: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Փխենյանում մի քանի դիվանագիտական աղբյուրների:
Գործակալության զրուցակցի տեղեկություններով՝ Լի Յոն Հոյի փոխարեն, որը գլխավորել է նախարարությունը 2016 թվականից և հայտնի է եղել որպես ԱՄՆ-ի հետ փոխգործակցության մասնագետ, նոր նախարար է նշանակվել Լի Սոն Գվոնը, որը ավելի վաղ զբաղեցրել է Հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի ղեկավարի պաշտոնը. Կոմիտեն զբաղվել է Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև հարաբերություններով:
Աղբյուրը տեղեկացրել է, որ Փխենյանում աշխատող օտարերկրյա դիվանագետները արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարի նշանակման մասին իմացել են հունվարի 11-ին:
Այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից Լի Սոն Գվոնի նշանակման մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա: Ակնկալվում է, որ նրան լայն հանրությանը կներկայացնեն դիվանագետների համար ավանդական միջոցառմանը՝ նվիրված լուսնային օրացույցով Նոր տարվան, որը Փխենյանում անցկացվում է հունվարի 23-ին: