
Մինչ քաղհասարակությունը, փորձագիտական հանրությունը և տարբեր արտախորհրդարանական ուժեր այս օրերին բարձրաձայնում են, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը պետք է որակել որպես Սահմանադրության փոփոխություն և արդյունքում ընդունել բոլորովին նոր Սահմանադրություն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ այս փուլում Սահմանադրության մեջ կտրուկ փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա:
Նշենք, որ երեկ էլ Հայ ազգային կոնգրեսն էր հայտարարություն տարածել, նշելով, որ սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, իսկապես սահմանադրական փոփոխությունների ժամանակ պետք է դիտարկվի կառավարման մոդելի փոփոխության հարցը։ «Ես ՀԱԿ-ի տեսակետի կողմնակից եմ։ Ես միշտ կիսանախագահականի, ինչու չէ նաև ուժեղ նախագահականի կողմնակից եմ։ Կարծում եմ նաև, որ իշխանությունը ստրատեգիական առումով խնդիր ունի վերադարձնելու կիսանախագահական մոդելը, քանի որ բազմաթիվ անգամներ իշխանության վերին մակարդակի պաշտոնյաներից լսել ենք, որ այս համակարգը իրենց սրտով չէ։ Ես չեմ բացառում, որ նման փոփոխություն լինի, քանի որ ՀԱԿ-ի տեսակետը նշանակում է իշխանության մի հատվածի տեսակետ։ ՀԱԿ-ը, ֆորմալ առումով չլինելով իշխանություն, աջակցում է իշխանությանը և կադրեր է տալիս իշխանությանը։ Կրկնում եմ, ստրատեգիական առումով, կարծում եմ, իշխանությունը կգնա կառավարման մոդելի փոփոխության։ Ի վերջո, եթե գնում ես սահմանադրական փոփոխությունների, ապա կարելի է ավելի հիմնավոր փոփոխություններ կատարել»,- ասաց Հակոբյանը։
Մեր դիտարկմանը՝ խորհրդարանական մոդելի անցում կատարելուց հետո առկա իրավիճա՞կն է ստիպում գալ հետևության, որ կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն կա, Հակոբյանը նկատեց. «Ես կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, մինչև Սահմանադրության փոփոխությունը և կառավարման մոդելի փոփոխությունը, կիսանախագահական մոդելն աշխատող մոդել էր։ Այն թույլ էր տալիս ճգնաժամային իրավիճակներում կառավարելի դարձնել երկիրը։ Մենք այդ փուլում ունեցել ենք բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ՝ թե՛ ներքին քաղաքական, թե՛ արտաքին, բայց կիսանախագահական մոդելը թույլ է տվել օպերատիվ կերպով կառավարել երկիրը ու խուսափել ճգնաժամերից։ Մանավանդ եթե երկիրը փաստացի պատերազմական վիճակում է գտնվում, ավելի մոբիլ համակարգեր պետք է լինեն։ Հետևաբար, եթե մենք համեմատում ենք մեր խորհրդարանական մոդելի ու կիսանախագահական մոդելի փորձերը, ապա երկրորդ մոդելն ավելի լավն է»։ Հակոբյանը նաև հավելեց, որ այլ խնդիր է, թե իշխանությունները որքանով են էֆեկտիվ եղել։ «Ամեն դեպքում մի բան հստակ է, ցանկացած կառավարման մոդել վատ իշխանության պարագայում կարող է տապալվել։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ ԱՄՆ-ի մոդելը, որը նախագահական է, վատն է, կամ Գերմանիայի մոդելը վատն է։ Խնդիրը էֆեկտիվ ու ոչ էֆեկտիվ իշխանությունների մեջ է»,- ասաց քաղտեխնոլոգը։
«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրեաս Ղուկասյանն էլ, որը մշտապես խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խորապես հիասթափված կլինի, եթե իշխանությունը գնա հատվածական փոփոխությունների, որի մասին խոսել է Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքերով՝ պետք է խոսք գնա բոլորովին նոր Սահմանադրության ընդունման մասին։ «Ես վստահաբար կարող եմ ասել, որ առնվազն 2015 թվականի հանրաքվեն մեր քաղաքացիների աջակցությունը չի ստացել։ Մոտ կես միլիոն մարդ դեմ էր քվեարկել՝ մեր տվյալներով։ Սա լուրջ հանգամանք է, որը չի կարող անտեսվել։ Ես հիասթափություն ապրեցի, երբ լսեցի, որ որոշ իմքայլականներ Սահմանադրության փոփոխության այս գործընթացը դիտարկում են որպես կոսմետիկ փոփոխության գործընթաց, որով կարելի է ոչ լեգիտիմ Սահմանադրությունը դարձնել լեգիտիմ։ Ես շատ բացասական կգնահատեմ այն փաստը, եթե հեղափոխության մանդատը «Իմ քայլը» փորձի օգտագործել այս կարևոր հարցում և փորձի մանիպուլյացիա անել՝ չլսելով հանրության ձայնը»,- ասաց Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ ևս այն պետք է փոփոխվի, քանի որ գործող մոդելով անհիմն կերպով սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Քաղաքացիները զրկվել են մասնակցություն ունենալ գործադիր իշխանության ձևավորմանը և մի շարք այլ գործընթացների, և այդ բոլոր իրավունքները պետք է հետ վերադարձվեն։ «Ես ժողովրդավարությանը ավելի ռադիկալ մոտեցում ունեմ։ Ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրվի աշխարհի փորձը, մոդելները, քանի որ 21-րդ դարում ժողովրդավար երկրում բոլոր երեք իշխանության ճյուղերի ձևավորման հարցում հանրությունը պետք է մասնակցություն ունենա։ Հանրությունը պետք է ընտրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը։ Օրենսդիր իշխանությունը պետք է ունենա երկու պալատ անպայման։ Աշխարհում մեծ փորձ կա կուտակված։ Մեզ պետք է ուսումնասիրել այդ փորձը»,- ասաց Ղուկասյանը։
Մեր զրուցակիցը ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է լինի ընդգրկուն, և իշխանությունները չպետք է կրկնեն Սերժ Սարգսյանի օրինակը՝ հանձնաժողով ձևավորեն, նախագիծը քննարկեն, ցույց տան, թե հանրային քննարկումներ են արել և ընդունեն այդ նախագիծը։ «Մեզ հարկավոր է սահմանադիր ժողով հրավիրել և լայն ֆորմատով ոչ թե քննարկել, այլ մշակել փոփոխությունները։ Բոլորս պետք է գանք հասնենք կոնսենսուսի»,- ասաց Ղուկասյանը