Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Հոգնել եմ: Հեռացե՛ք»․ Պուտինն ուզում է մնալ վարչապետի պաշտոնում

Ռուսաստանում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Ըստ ամենայնի՝ հյուսիսային տերությունում սկսվում է քաղաքական փոփոխությունների մեծ գործընթաց, որի վերջում պարզ կդառնա՝ Կրեմլի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը նախագահի լիազորությունների ավարտից հետո կպահպանի՞ իր դիրքերը երկրի կենտրոնական իշխանության համակարգում, թե՞ իշխանությունը կթողնի իր հետնորդներից մեկին։

Ամեն ինչ սկսվել է չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, երբ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Պետդումայի անդամներին՝ առաջարկելով փոփոխել երկրի Սահմանադրությունը։ Պուտինն առաջարկում է լուրջ փոփոխություններ իրականացնել երկրի կառավարման համակարգում և օրենսդրական դաշտում։

 

Սահմանադրական փոփոխությունների փաթեթը

Ի մասնավորի, Ռուսաստանի գործող նախագահն առաջարկում է սահմանադրական փոփոխություններով՝

  • Ընդլայնել երկրի պառլամենտի՝ Պետական դումայի լիազորությունները։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ երկրի խորհրդարանը պետք է իրավունք ունենա հաստատելու ՌԴ կառավարության ղեկավարի, նրա տեղակալների, ինչպես նաև դաշնային նախարարների թեկնածությունները: Նախագահին է տրվում առաջարկվող թեկնածուներին հաստատելու գործառույթը՝ առանց նրանց մերժելու իրավունքի:
  • Ստեղծել երկրի ինքնիշխանության ամրապնդումը երաշխավորող իրավական որոշակի մեխանիզմներ։ Ավելի կոնկրետ՝ Պուտինը առաջարկում է հիմնական օրենքում անել որոշ փոփոխություններ, որոնք ուղղակիորեն կերաշխավորեն Ռուսաստանի Սահմանադրության գերակայությունը միջազգային իրավունքի նկատմամբ ՌԴ տարածքում։
  • «Ամրագրել պարտադիր պահանջները այն անձանց նկատմամբ, ովքեր երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման տեսանկյունից զբաղեցնում են կարևորագույն պաշտոններ»։ Նախագահի կարծիքով՝ նշված կատեգորիայի մեջ մտնող պաշտոնյաները չպետք է ունենան օտարերկրյա քաղաքացիություն կամ կացության իրավունք այլ երկրներում։ Խոսքը նահանգապետների, Դաշնային խորհրդի անդամների, Պետդումայի պատգամավորների, կառավարության ղեկավարի, նրա տեղակալների, դաշնային նախարարների, դաշնային մարմինների ղեկավարների և դատավորների մասին է:
  • Քննարկել սահմանադրական այն դրույթը, ըստ որի՝ նույն անձը չի կարող երկու ժամկետից «անընդմեջ» ավելի զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը:

Այս և մի շարք այլ սահմանադրական փոփոխությունների շուրջ ՌԴ նախագահ Պուտինն առաջարկում է համապետական քվեարկություն՝ հանրաքվե անցկացնել։

 

Նոր վարչապետ՝ Միխայիլ Միշուստին

Դաշնային խորհրդի առջև ունեցած ելույթից հետո ՌԴ նախագահ Պուտինը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության կազմի հետ։ Հենց այս հանդիպման ընթացքում էլ հայտարարվել է, որ ՌԴ կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել։ Մեդվեդևն ասել է, որ նախագահի առաջարկած փոփոխությունները կփոխեն հավասարակշռությունը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում, և այս տեսանկյունից գործող կառավարությունը ճիշտ է համարում ՌԴ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան հնարավորություն տալ նախագահին՝ ընդունելու բոլոր անհրաժեշտ որոշումները։

Ի պատասխան նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, հետո տեղեկացրել է, թե մտադիր է առաջիկայում ստեղծել իր գլխավորած Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի հաստիք, և առաջարկել է Մեդվեդևին զբաղեցնել այդ պաշտոնը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, ՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

 

«Ամենաքաոսային օրը» Պուտինը չի ուզում հեռանալ

Իր վերլուծական հոդվածում նորվեգական «Aftenposten» օրաթերթի թղթակից Հելեն Շեգգեստադը (Helene Skjeggestad) փորձել է բացատրել Ռուսաստանում ծավալվող իրադարձությունների տրամաբանությունն ու Պուտինի իրական մտադրությունները՝ ՌԴ կառավարության հրաժարականի օրն անվանելով «երկար տարիների ընթացքում ռուսական քաղաքականության ամենաքաոսային օրը»:

Շեգգեստադը 7 հարց ու 7 պատասխան է ներկայացնում այդ «քաոսային օրվա» մասին: Փորձագետների մեծամասնությունը, ինչպես նշվում է հոդվածում, միակարծիք են այն հարցում, որ իրականում Պուտինի քաղաքական և սահմանադրական այս բարեփոխումները կապված են շատ կոնկրետ տարեթվի՝ 2024 թվականի հետ, երբ կավարտվի Ռուսաստանի գործող նախագահի նախագահության հերթական ժամկետը: Հեղինակի եզրակացությամբ՝ հունվարի 15-ի իրադարձություններից հետո գրեթե կասկած չի մնում առ այն, որ «Պուտինը միջոցներ է փնտրում քաղաքականության մեջ մնալու համար և դրա համար էլ կրճատում է նախագահի լիազորությունները, որպեսզի նոր ուժեղ դիրք զբաղեցնի»:

Իր իսկ բարձրացրած հարցին, թե «Պուտինը կհեռանա նախագահի պաշտոնից և հրաժե՞շտ կտա քաղաքականությանը», Հելեն Շեգգեստադը պատասխանում է՝ և՛ այո, և՛ ոչ:

«Ըստ ամենայնի՝ նա կհեռանա նախագահի պաշտոնից 2024 թվականին, իսկ գուցեև ավելի շուտ: Բայց եթե պուտինյան ելույթին առնչվող ինչ-որ հարցում փորձագետները համամիտ են, ապա դա այն է, որ նա չի հեռանա քաղաքականությունից»,- գրում է թերթը՝ մեջբերելով Արտաքին քաղաքականության նորվեգական ինստիտուտի՝ Ռուսաստանի հարցերով մասնագետ Հելգե Բլակկիսրյուդի (Helge Blakkisrud) խոսքերը․ «Սա տալիս է մեզ Պուտինի՝ ապագայի հետ կապված ծրագրերի բանալին։ Նա ազդանշան է տալիս, որ մտադիր չէ հանձնվել 2024 թվականին և ուզում է շարունակել երկրի կառավարումը այլ պաշտոնում»։

 

Վարչապետի պաշտոնում

Իսկ ի՞նչ պաշտոն է դա լինելու։

«Aftenposten»-ի կարծիքով՝ հարցի պատասխանն ակնհայտ է․ Պուտինն ուզում է դառնալ վարչապետ։

 

Պուտինի երեք սցենարները

Իսկ քաղաքագիտության դոցենտ Եկատերինա Շուլմանը ռուսալեզու «»Настоящее время» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահի ձեռնարկած վերջին քայլերը հիշեցնում են այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում: Մասնագետի վերլուծության համաձայն՝ Պուտինն իր առջև ունեցել է երեք սցենար՝ «չինական», «բելառուսական» և «ղազախական»:

  1. «Չինական սցենարի» կենսագործման դեպքում ենթադրվում էր, որ Պետդուման կչեղարկի սահմանադրական այն դրույթը, որով միևնույն անձին չի թույլատրվում երկու անգամից ավելի նախագահ ընտրվել։
  2. Երկրորդ՝ «բելառուսական սցենարով» կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի և Բելառուսի միավորում, և այդ դեպքում արդեն տեղի կունենային նոր պետության նախագահի ընտրություններ։
  3. Երրորդ սցենարով Պուտինը ղազախստանյան «ազգի առաջնորդ» Նուրսուլթան Նազարբաևի օրինակով վերածվում է ռուսաստանյան «ազգի առաջնորդի»։

Ի վերջո, Ռուսաստանի իշխանություններն ընտրել են «ղազախական սցենարը»։

Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Ղազախստանի նախագահի պաշտոնից 2019 թ․ մարտին, բայց պահպանել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը, այսինքն՝ շարունակում է մնալ երկրի փաստացի ղեկավարի դերում։

Մեդվեդևը կորցրեց հաջորդ նախագահը դառնալու շանսերը

Խոսելով հունվարի 15-ի սրընթաց իրադարձությունների մասին՝ ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը համաձայնում է այն տեսակետին, որ Պուտինի դաշնային ուղերձով և կառավարության հրաժարականով Ռուսաստանում քաղաքական տրանսֆորմացիայի մեծ գործընթաց է սկսվում և, մեծ հաշվով սա նախապատրաստություն է 2024 թվականին, իշխանության ժառանգորդության մեխանիզմ ստեղծելուն։

«Կարծես թե Մեդվեդևը կորցրեց հաջորդ նախագահը դառնալու շանսերը։ Ռուսաստանում փորձագետների առաջին տպավորությունը, զգացումը անսպասելիությունն էր, նրանք չէին սպասում, որ դա տեղի կունենա այսօր։ Սա առաջին կարևոր հանգամանքն է։ Երկրորդը՝ պետք է, այնուամենայնիվ, խոստովանել, որ այս որոշումն ընդունվել է գոհունակությամբ, քանի որ այն ցույց է տալիս, որ Պուտինը ոչ միայն լիազորություններ ունի, այլև ունի քաղաքական կամք այդ լիազորությունները օգտագործելու համար», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ եզրակացնում է ռուսաստանցի փորձագետ Մոդեստ Կոլերովը։

Ելցինի կտակն ու Պուտինի անորոշ ժառանգությունը

Ընդամենը օրեր առաջ՝ Նոր տարվա նախօրեին, միջազգային և ռուսական մամուլը հիշել էր Ռուսաստանի նորագույն պատմության մեկ այլ նշանավոր ու ոչ պակաս անակնկալ իրադարձություն, որից արդեն 20 տարի է անցել։ Այդ օրը ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը բոլորի համար անսպասելիորեն, իր ամանորյա ուղերձի ժամանակ, հայտարարեց նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին՝ արտաբերելով իր հայտնի՝ «Я устал. Я ухожу!» («հոգնել եմ, հեռանում եմ») խոսքերը։ Դա տեղի է ունեցել ուղիղ 20 տարի առաջ՝ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, այսինքն՝ 2000 թվականի կամ, ինչպես այն ժամանակ էին ասում՝ «միլենիումի» (նոր հազարամյակի) նախաշեմին։ Դա ոչ թե պարզապես անակնկալ էր ռուսաստանյան հասարակության և հետխորհրդային տարածքի երկրների ու ամբողջ աշխարհի համար, այլև դարձավ իսկական քաղաքական սենսացիա։

Մոդեստ Կոլերովը, սակայն, նկատում է, որ Ելցինի հրաժեշտի ելույթի և 2020 թ․ հունվարի 15-ի իրադարձությունների միջև մի շատ էական տարբերություն կա՝ Ռուսաստանի առաջին նախագահ Ելցինը, որի նախագահության երկրորդ ժամկետի ավարտին դեռ 6 ամիս մնում էր, 1999 թվականի վերջին օրը հայտարարելով իր հրաժարականի մասին, անմիջապես հայտնեց իր հետնորդի անունը՝ ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինին նշանակելով ՌԴ նախագահի պաշտոնակատար։ Իսկ հիմա նրան հաջորդած Պուտինի հետնորդի անունը դեռևս հայտնի չէ և պարզ էլ չէ՝ կթողնի՞ արդյոք նա իր իշխանությունը որևէ մեկին, թե՞ 2024 թվականից հետո էլ կշարունակի մնալ Ռուսաստանի ղեկավարի դերում։

«Այս որոշումը ոչ թե ժառանգորդի նշանակման կամ ժառանգորդի հստակեցման մասին է, այլ այն գործչի հրաժարականի մասին, որին նշում էին ժառանգորդների թվում։ Եվ հիմա պարզ է, որ դժվար թե նա հետագայում էլ նշվի ժառանգորդների թվում։ Նա կորցրեց իր բարձր բյուրոկրատական կարգավիճակը»,- ասում է Կոլերովը։

Հնարավոր ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանի վրա

Իսկ ինչպե՞ս կարող են Ռուսաստանում տեղի ունեցող այս փոփոխությունները ազդել հետխորհրդային տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա։

Անդրադառնալով այս հարցին՝ Մոդեստ Կոլերովն ընդգծեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությամբ ընդհանրապես զբաղվում է ոչ թե կառավարությունը, այլ նախագահը, ուստի կառավարության փոփոխությունը չի կարող ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա։

«Սակայն, այդուհանդերձ, Ռուսաստանի կառավարությունը ակտիվորեն զբաղվում է Եվրասիական տնտեսական միության հարցերով, և հիմա, իհարկե, սպասելու ենք, թե ինչպես է կանխորոշելու Ռուսաստանի դերն ու խնդիրները ԵԱՏՄ-ում։ Այս հարցն իսկապես հետաքրքիր է»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

«Հոգնել եմ։ Հեռացե՛ք»

Թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացները Հայաստանի հետ սերտորեն կապված հյուսիսային այս երկրում՝ Ռուսաստանում, ցույց կտան հետագա ամիսների իրադարձությունները։ Վերևում, իհարկե, փորձեցինք ցույց տալ ընդհանուր պրոցեսի տրամաբանությունը, և հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա՝ նախանշել իրադարձությունների զարգացման հնարավոր միտումները։ Բայց եթե խոսում ենք քաղաքական որևէ գործընթացի էությունն ավելի լավ հասկանալու խնդրի մասին, ապա այդ գործում գուցե մեզ ավելի շատ օգնեն ոչ թե մասնագետների վերլուծությունները, այլ վերջին տարիներին ֆեյսբուքյան հանրության և առհասարակ սոցցանցերի ակտիվ օգտատերերի շրջանում տարածված մի երևույթ, որին անվանում են «համացանցային մեմ» (Internet meme): «Մեմերը» զվարճալի տեքստերով, արտահայտություններով համակցված պատկերներ, լուսանկարներ են, որոնք հաճախ ավելի դիպուկ են նկարագրում տվյալ իրադարձությունը կամ երևույթը, քան մասնագիտական և ոչ մասնագիտական մեկնաբանությունները։ Հունվարի 15-ի իրադարձություններից հետո սոցցանցերում սկսեց ակտիվորեն շրջանառվել մի նկար, որի առաջին մասում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինն էր, որն ասում է՝ «Հոգնել եմ, Հեռանում եմ», իսկ երկրորդ մասում Վլադիմիր Պուտինն է՝ «Հոգնել եմ, հեռացե՛ք» խոսքերով։ Կարծում ենք, որ գոնե այս պահի դրությամբ նշված «մեմը» շատ դիպուկ է նկարագրում Վլադիմիր Վլադիմիրովիչի իրական մտադրությունները քաղաքականության ոլորտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում