Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ստիպված է եղել ընդհատել աֆրիկյան շրջագայությունը և վերադառնալ երկիր, քանի որ Ռուպերտ Մերդոքի լրատվամիջոցների սկանդալը հասել է անհավանական մասշտաբների: Այս մասին գրում է The Guardian-ը: Նա կայցելի միայն Հարավային Աֆրիկա և Նիգերիա, իսկ Ռուանդա և Սուդան նրա այցելությունները չեղյալ կհայտարարվեն:
Մեծ Բրիտանիայում այս սկանդալը խոստանում է դեռ երկար մնալ ներքաղաքական օրակարգում: Երեկ հրաժարականի մասին է հայտարարել Բրիտանիայի գլխավոր ոստիկանապետը՝ Սքոթլանդ Յարդի ղեկավարը, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ գաղտնալսումների մեջ ներգրավված են եղել նաև ոստիկանության աշխատակիցներ, որոնք կաշառք են վերցրել Մերդոքի կորպորացիայից:
Բացի այդ, արդեն այս շաբաթ գաղտնալսումների վերաբերյալ քննարկումներ են սկսվելու Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, որից հետո հնարավոր են նոր հրաժարականներ: