Լուրեր
Կուտոյանի մահը կարմիր գիծ է. իշխանությունը պետք է վերջապես ղեկը վերցնի իր ձեռքը
  • 21:15
  • 2020-01-17
  • Դիտումներ՝ *

Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենային վիրավորումով սպանված են գտել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

Այն ինֆորմացիան, որին տիրապետում էր Կուտոյանը, քչերին է հայտնի եղել։ Հետևաբար, ո՞ւմ կողմից կարող էր սա նախաձեռնված լինել, ո՞ւմ էր սա ձեռնտու և ի՞նչ նպատակով․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ ներկա իշխանությանը դա չէր կարող ձեռնտու լինել։ Իմ դիտարկումներով ես դա բացառում եմ։ Նախ պետք է նշեմ, որ շատ ցնցող դեպք է, և ես ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին։ Գիտեմ, որ աշխատել է Սերժ Սարգսյանի հետ ու նրա ամենահավատարիմներից մեկն է եղել։ Պաշտոնից հեռանալուց հետո մենք նրա մասին չենք լսել, զուտ հանրային կյանքում նա հանդես չի եկել։ Ավելի շատ պասիվ կյանքով էր ապրում»։

Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց․ «Տեղի ունեցածի հետ կապված, նախ, ես նույնպես կցանկանայի ցավակցել Գեորգի Կուտոյանի ընտանիքին ու հարազատներին։ Կցանկանայի մի քանի ճշգրտում անել։ Այս պահի դրությամբ նրա մահվան հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ նախաքննական մարմինը հայտարարությամբ հանդես չի եկել։ Դուք նշեցիք սպանություն, սակայն նման պաշտոնական հաղորդագրություն չի եղել՝ դեռ մենք չգիտենք՝ դա սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն։ Այսինքն՝ այս պահի դրությամբ մենք ունենք միայն փաստ, որ հրազենային վնասվածքով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դի է հայտնաբերվել բնակարանում»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց«Նախ, ես նույնպես ցավակցություն եմ հայտնում։ Գիտեք, քաղաքագիտական իմաստով այստեղ ինչն է կարևոր։ Հեղափոխությունից հետո տպավորություն կար, որ մեր քաղաքական կյանքը դառնալու է տրանսպարենտ, որովհետև մինչև հեղափոխությունը քաղաքական իրադարձությունների վերաբերյալ հանրությունը գիտեր այն, ինչը որ ԶԼՄ-ների միջոցով տրամադրվում էր, որը, ըստ իս, մեր պետական իրադարձությունների 10 տոկոսից ավելին չէր․ 90 տոկոսը տեղի էր ունենում կուլիսների ետևում։ Ցավոք սրտի, մենք պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո այս իրավիճակը շարունակում է մնալ նույնը»։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *