Լուրեր
Կուտոյանի մահը բազմաթիվ հարցեր է առաջացնում. իրավապահ մարմիններին պետք է «ճնշել»

Երևանի բնակարաններից մեկում գտնվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Այս լուրն այսօր հայկական գրեթե բոլոր լրատվականների գլխագրերում է: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Ի՞նչն է ԱԱԾ նախկին պետ Կուտոյանի սպանության պատճառը, այն կապված է նրա, այսպես ասած, անձնական կյանքի՞, հետպաշտոնեական գործունեության որևէ բնագավառի՞, թե՞ պաշտոնավարմանն առնչվող որևէ իրադարձության հետ: Կստանա՞ հանրությունն այդ հարցերի պատասխանը, թե՞ ԱԱԾ նախկին պետի սպանությունը կհամալրի Հայաստանի հետանկախական շրջանի տասնյակ աղմկոտ սպանությունների շարքը, որոնք այդպես էլ չեն բացահայտվել, կամ որոնց բացահայտվածության պաշտոնական վարկածները չեն բավարարել հանրությանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը:

«Կուտոյանի մահը բազմաթիվ հարցեր է առաջացնում,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը,- մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է հետամուտ լինենք, և ուժերի գերլարումով պետական ինստիտուտները պետք է կարողանան տալ նախկին ԱԱԾ պետի հետ տեղի ունեցածի վերաբերյալ հարցերի պատասխանները: Ի՞նչ էր սա՝ ինքնասպանությո՞ւն, ապանությո՞ւն…»:

Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց երկու էպիզոդի վրա. «Առաջին՝ երբ Գեորգի Կուտոյանը իր պաշտոնը հանձնեց Արթուր Վանեցյանին, դրանից հետո տեղեկատվություն եղավ այն մասին, որ ԱԱԾ-ից բազմաթիվ կարևոր փաստաթղթեր են կորել: Եվ այսօր Քննչական մարմինները հայտարարեցին, որ Կուտոյանը որևէ քրեական գործով որևէ կարգավիճակով չի անցնում… Եվ երկրորդ՝ օրեր առաջ ռուսամետ մամուլում շրջանառվեց մի լուր, ըստ որի՝ Արթուր Վանեցյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս տեղեկատվությունը պատշաճ ուշադրության չարժանացավ, բայց դրանից երկու օր հետո մենք տեսանք, որ Վանեցյանի նախորդի հետ տեղի ունեցավ դժբախտ պատմություն… Հարցեր են առաջանում, որոնք, բացի պետությունից, այլ հասցեատեր չունեն»:

«Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. Սա նախնական վարկածով է, հետագայում հնարավոր է փոխվի»,- նշեց Տիգրան Ուլիխանյանը՝ հանրությանը կոչ անելով հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և վստահելի աղբյուրների տեղեկատվությանը:

Պատգամավորի խոսքով՝ իրավապահ մարմիններին պետք է «ճնշել» անհրաժեշտ չափով, որպեսզի շուտափույթ, բայց ոչ շտապողականությամբ բացահայտեն կատարվածը և ոչ միայն բացահայտեն սպանություն է, թե ինքնասպանություն, այլ նաև շարժառիթները և այն, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում, եթե այդպիսիք կան:

«Վերջին շրջանում արդեն երրորդ դեպքն է, որ ուժային կառույցի ներկայացուցիչ է մահանում առեղծվածային հանգամանքներում, և քանի որ երեք դեպքերում էլ շատ մեծ ինֆորմացիայի են տիրապետել, ինքնասպանության վարկածը քիչ հավանական է»,- նկատեց Գարեգին Միսկարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *