Լուրեր
Այս իշխանությունը սպանություն պատվիրող չէ․ Արամ Զ․ Սարգսյան
  • 17:46
  • 2020-01-17
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, այսօր Քննչական կոմիտեի կողմից լուր է տարածվել, ըստ որի՝ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ գործ ունենք ինքնասպանության դեպքի հետ, թեպետ դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չկա: Վստահ եմ՝ կհիշեք, որ որոշ ժամանակ առաջ նմանատիպ սցենարով հայտնաբերվեց նաև Մարտի 1-ի գործով առանցքային վկա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Ըստ Ձեզ՝ այս երկու դեպքերը որևէ կերպ իրար հետ կարո՞ղ են կապված լինել: Առհասարակ կատարվածն ինչպե՞ս հասկանալ:

– Նախ՝ շատ անկեղծ կուզենայի ցավակցել պարոն Կոտոյանի հարազատներին, ընտանիքի անդամներին: Երկրորդ՝ ես շատ կուզենամ, որ թե՛ մեր լրատվական դաշտը, թե՛ մեր հանրությունը հնարավորինս զերծ մնան դավադրությունների տեսությունից, հնարավորինս հորինովի վարկածներ չդնեն շրջանառության մեջ, կա իշխանություն, դա նրա պատվի խնդիրն է, առավել ևս քննչական մարմինների, դատախազության, Ազգային անվտանգության ծառայության պատվի խնդիրն է այս գործի ամբողջական քննությունն ու բացահայտումը: Ինչ վերաբերում է Հայկ Հարությունյանի հետ համեմատությանը, ասեմ, որ ճանաչում էի այդ մարդուն, երկար ժամանակ աշխատել էի նրա հետ և կարող էի տեսակետ ասել նրա մարդկային նկարագրի առումով, իսկ պարոն Կուտոյանին չեմ ճանաչել, երիտասարդ, հմայիչ երիտասարդ էր, թող հոգին լույսի բաժին դառնա:

– Սա պատահականությո՞ւն կարելի է համարել, թե՞ ոչ՝ իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, թե պարոն Կուտոյանը ինչ պաշտոն էր զբաղեցնում մինչ հեղափոխությունը:

– Մարդկային հոգեբանությունը ինքնասպանությունից մինչև սպանություն մեկնաբանելու փորձերը համարում եմ ոչ ճիշտ, որովհետև ցանկացած մարդ անհատականություն է, և կախված իրավիճակներից՝ այն մասին, թե ինչպիսի դրսևորումներ կունենա տեսակետ ասելը զուտ տեսակետ է, ես գտնում եմ, որ նախ քննչական խումբը պիտի որոշակի մոտեցում ներկայացնի, ամբողջությամբ հետազոտի. ԱԱԾ պետի պաշտոնը, իհարկե, շատ լուրջ պաշտոն է, շատ լուրջ տեղեկատվության տիրապետող մարդ է եղել պարոն Կուտոյանը, այս առումով համապատասխան մարմինները լուրջ անելիք ունեն: Բարդ է ինչ-որ բան ասել:

– Նմանատիպ իրողությունների, այսինքն՝ մի շարք քաղաքական չբացահայտված սպանությունների և ինքնասպանությունների ականատես ենք եղել նաև Հոկտեմբերի 27-ին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում: Վստահ եմ՝ դուք դա թերևս շատ լավ եք հիշում, որոշ սպանություններ այն ժամանակ նույնպես որակվեցին որպես ինքնասպանություններ. այստեղ նույնպե՞ս պետք չէ նմանություններ փնտրել:

– Կարծում եմ՝ միանշանակ ոչ: Նախկինում կային որոշակի վարկածներ, որոնք համապատասխանաբար վերլուծության պարագայում գործող իշխանությունը որոշակի շահագրգռվածություն կամ կողմնակալություն պիտի ցուցաբերեր, այսինքն՝ դրանք մարդիկ էին, որոնք ինչ-ինչ կապերով կապված էին գործող իշխանության հետ: Այսօրվա իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի նման գործ բացահայտելու առումով, այսօրվա իշխանությունը որևէ կերպ որևէ մեկի կյանքին վտանգ սպառնալու խնդիր էլ չունի: Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ սպանություն պատվիրի: Մտածել, որ կարող է պարոն Կուտոյանի սպանությունը գործող իշխանության պատվերով լինել, ուղղակի անհեթեթություն է: Այս առումով ամենաշատը գործող իշխանությունը պետք է շահագրգռված լինի երկրում լարվածության մթնոլորտը թուլացնելու և տեղի ունեցածը բացահայտելու հարցում:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Գեորգի Կուտոյանը, թե՛ նաև Հայկ Հարությունյանը բարձր պաշտոններ են զբաղեցրել և տիրապետում էին որոշակի գաղտնի տեղեկատվության, չե՞ք կարծում, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովվեր:

– Յուրաքանչյուր պետական պաշտոնյայի անվտանգությունը գործող օրենքով ապահովում է անվտանգության պահպանության համապատասխան ծառայությունը, որը բավականին լուրջ ծառայություն է, և կարծում եմ, որ արժե ներգրավել նաև լուրջ տեղեկատվության տիրապետող պաշտոնաթող պաշտոնյաների անվտանգությունը: ՀՀ այսօրվա օրենսդրությամբ նախատեսված է միայն նախկին նախագահների անվտանգությունն ապահովելը, նախկին դատախազներին և ԱԱԾ պետերին նման ծառայություն չի տրամադրվում: Սա մի թեմա է, որի մասին արժե մտածել:

– Ընթացքի մեջ է Մարտի 1-ի գործը, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահին և նախկին մի շարք առանցքային պաշտոնյաների: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ կվերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը: Նմանատիպ գործողություններով հնարավո՞ր է, որ փորձ է արվում ինչ-որ հետքեր վերացնել, առհասարակ սա ո՞ւմ կարող է ձեռնտու լինել, եթե փորձենք վերլուծել այս իրավիճակը:

– Շատ բարդ է ասել: Մարտի 1-ի գործով աշխատում է քննչական խումբը, և Մարտի 1-ի գործով հազարից ավելի մարդ է դատապարտվել, 3 հազարից ավելի մարդ հարցաքննվել է, այսինքն՝ հենց տեղում նստած՝ դատախազությունում միայն կարդալով քննչական խումբը ահռելի գործ ունի անելու, պետք են պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք տեղում պետք է այդ ամեն ինչը կարդան: Նույն խնդիրն է նաև Հոկտեմբերի 27-ի առումով, 42 հատոր նախկին գործն է, որ մտավ դատական գործընթացի մեջ, և ևս 20 հատոր անջատված մասով, ու սրանք 10-20 տարի առաջ տեղի ունեցած գործընթացներ են, այսինքն՝ 4-5 հոգանոց խումբը խելքին մոտ ժամանակահատվածում պետք է կարողանա այդ ամեն ինչն ուսումնասիրել: Հետո պետք է ուսումնասիրել, թե այդ մարդկանցից ովքեր են ողջ, որովհետև նրանց մի մասն արդեն չկա, ովքեր ողջ են, պետք է կանչվեն հարցաքննության… Այս խնդիրները պետք է բացահայտվեն, և այդ պարագայում է, որ դատարանում տեղի ունեցած դատավարությունն արժանահավատ կթվա: Թե չէ, ասենք, Հոկտեմբերի 27-ի հիմնական մեղադրյալը, ամբաստանյալը, որը բանտում է, այսօր տեսակետներ է ասել: Նա միշտ էլ ուզեցել է տեսակետ հայտնել, և այսօր նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, 99-ին 4-5 նամակ էլ ինձ էր գրել, 10-ից ավելի նամակներ Ռ. Քոչարյանին է գրել, նրա ասածները չի կարելի հիմք ընդունել:

– Ինչո՞ւ:

– Որովհետև նա ուզում է քաղաքական գործոն դառնալ: Նա այնպիսի մարդկային մի տեսակ է, որը համարում է, որ ինքն է այդ ամեն ինչը պլանավորել և կազմակերպել, և այդ ամեն ինչն արել է ազգին փրկելու համար: Բավարար է, որ իրեն ապացուցես, որ ինքը գործիք է եղել ինչ-որ մեկի ձեռքին, որն իրեն ուղղորդել է, և նա հաջորդ օրը ինքն իրեն կկախի… Այդ տեսակն այսօր իր կաշին փրկելու համար ում անունն ասես կարող է տալ:

– Ըստ Ձեզ՝ սա բացի նախկինում գործածի հետքերը թաքցնելուց, որն, իհարկե, հավանական է, նաև ՀՀ քաղաքացիներին և մասնավորապես իշխանությանը խուճապի մատնելու նպատակ կարո՞ղ էր հետապնդել:

– Ես տեսնում եմ, որ որոշակի ուժեր կան, նաև դրսի ուժեր, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանում իրավիճակներ լարելու, հանրության մոտ կասկածներ առաջացնելու, տարբեր անհավանական թեկնածուների անուններ շրջանառելու համար: Բայց նաև սխալ եմ համարում դավադրությունների դաշտ մտնելը, դրա համար զերծ կմնամ կոնկրետ որևէ բան ասելուց:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *