Ավստրալիային 100 տարի կպահանջվի համատարած բնական հրդեհներից հետո վերականգնվելու համար, որոնք շարունակվում են անցյալ տարվա աշնանից: Այդ մասին հունվարի 15-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Հրշեջ ծառայության տվյալների համաձայն՝ հենց այդքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Ավստրալիան վերադառնա այն վիճակին, որում երկիրը եղել է հրդեհներից առաջ: Ինչպես հաղորդում է NASA-ն՝ հրդեհներից ծխի շլեյֆը «առնվազն մեկ լրիվ պտույտ կկատարի երկրագնդի շուրջը, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրա»: Բացի այդ, Նոր Զելանդիայի երկինքը «կտրուկ փոխել է գույնը»՝ առաջացնելով «օդի որակի հետ կապված լուրջ խնդիրներ»:
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Ամանորին Ավստրալիայի հրդեհներից ծխի հետքերը նկատվել են Հարավային Ամերիկայում, իսկ մինչև այս տարվա հունվարի 8-ը ծխի շլեյֆը «կիսով չափ շրջանցել է երկրագունդը»: Սպասվում է, որ ավելի ցուրտ եղանակային պայմանները և կանխատեսվող անձրևները կօգնեն պայքարել հրդեհների դեմ:
Ներկայում Ավստրալիայի արևելքում դեռևս ակտիվ են հրդեհների 100-ից ավելի օջախներ: Նշվում Է, որ անտառային հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիայի մեկ երրորդ մասը։