Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար:
«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել»,- ասել է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:
«Ամեն ինչ չէ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով»,- հավելել է պետության ղեկավարը: