ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացման մասին հրամանգիրը պատրաստել է դեռևս 2019-ի ամռանը: Այս տեղեկատվությունը բացահայտել է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները:
Նշվում է, որ Ջոն Բոլթոնը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, և պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես են եկել Սոլեյմանիի սպանության առաջարկով 2019-ի հունիսին, այն բանից հետո, երբ իրանական զինված ուժերը խոցեցին ամերիկյան անօդաչու ինքնաթիռը Հորմուզի նեղուցում:
ԱՄՆ առաջնորդն իր հերթին ասել է, որ պատրաստ կլինի գնալ այդ քայլին միայն ԱՄՆ քաղաքացու մահվան դեպքում:
Հայտնի է, որ Թրամփը համաձայնել է Սոլեյմանի դեմ գործողություն սկսել՝ ի պատասխան դեկտեմբերի 27-ին Իրաքում ռազմակայանի վրա հարձակման, ինչի հետևանքով զոհվել էր մեկ ամերիկացի և վիրավորվել ևս չորս մարդ:
Հրապարակումը շեշտում է, որ այս տեղեկատվությունը խարխլում է ամերիկացիների վրա սպասվող հարձակման պատճառով Սոլեյմանին սպանելու անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ-ի հիմնավորումը։