Իրանի հատուկ ծառայությունները սպառնում են ուկրաինական Boeing-ի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին, հաղորդում է Iran International-ը Twitter-ում:
Լրագրողների տվյալներով, Իրանի քաղաքացիները, որոնց հարազատները զոհվել են ինքնաթիռի վթարի հետևանքով, զգուշացվել են հարցազրույցներ չտալ երկրի սահմաններից դուրս գործող պարսկական լրատվամիջոցներին, եթե ցանկանում են ստանալ զոհերի մնացորդները:
Հունվարի 11-ին, այն բանից հետո, երբ Իրանը ճանաչել է ինքնաթիռի կործանման մեղքը, երկրում հակակառավարական ակցիաներ են սկսվել: Ցույցերի մասնակիցները, մասնավորապես, պահանջել են գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը:
Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական Boeing ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից անմիջապես հետո: Օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել են: Ավելի ուշ իրանական զորքերը հայտնել են, որ ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից: