Կառավարության նիստերի ժամանակ քննարկման մակարդակն ու արդյունքը, վարչապետի մեկնաբանություններն ինձ հետևության բերեցին, որ ինչպես վերջին 10 տարում, հիմա էլ կա խնդիր, բարձրաձայնվում է դրա մասին, բայց լուծումները կամ լավը չեն, կամ չեն լինում, ցրում են և այլն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հայկ Այվազյանը։
«Այսինքն էլի ամեն ինչը գալիս հասնում է օդում խոսակցության, քննարկումներ են լինում, դա լավ է, բայց դրանց հետևից լուծումները չեն գալիս։ Ամեն նիստին վարչապետը պետք է հիշի, որ նախկինում տենց մի հատ հանձնարարական ունեին, հանկարծակի հիշեն, հարցրեն՝ բա դա ինչ եղավ, պարզվի ոչինչ էլ չեղավ։ տեղում նորից քննարկեն այդ նույն հանձնարարականը։ Ես կարծում եմ, որ այս ընթացքով այդ լուծումները կարող են շատ ուշ լինել և առհասարակ ոչինչ չփոխեն»,-ասաց նա։
Նրա խոսքով, կառավարման համակարգ այսօր գոյություն չունի, իսկ պատասխանատվության հարցը մեր աքիլլեսյան գարշապարն է. «Միշտ ենթակաները փորձում են ոչինչ չանել, սպասել ղեկավարի հանձնարարականին, քանի որ այդ դեպքում պատասխանատվությունը կմնա ղեկավարի վրա։ Ասում են՝ շեֆ ջան, դու ասացիր, մենք էլ քո ասածով արեցինք, սենց եղավ»։