Ալյասկայի ոստիկանության ծառայությունը հաղորդել է նահանգի մի բնակչի փրկության մասին, որը 23 օր գոյատևել է հեռավոր տարածքում՝ բացասական ջերմաստիճանի պայմաններում՝ հրդեհի ժամանակ կորցնելով իր տունն ու շանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հինգշաբթի ոստիկանության ուղղաթիռը հրահանգ է ստացել՝ ստուգելու բնակավայրերից կտրված մի հատվածում բնակվող 30-ամյա Թայսոն Սթիլի վիճակը: Ոչ ոք նրանից լուր չուներ արդեն մի քանի շաբաթ:
«Այդ առավոտ … ձեռքերն օդում թափահարող Սթիլը գտնվել է իր սարքած ապաստարանի հարևանությամբ: SOS ազդանշան էր նկարված ձյան մեջ: Անտառի նրա խրճիթը այրվել է դեկտեմբերի կեսերին, շունը կրակներից չի փրկվել։ Սթիլը 23 օր անօթևան է մնացել բացասական ջերմաստիճանի պայմաններում»,- հայտարարել է Ալյասկայի ոստիկանությունը Facebook-ում:
Սոցցանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը դիմավորում փրկարարներին: