Թեհրանում ուկրաինական ինքնաթիռը խոցած իրանցի զինվորականները կդատապարտվեն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտնում է TASS-ը:
Նա զանգահարել է ուկրաինացի իր գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն, և խոստացել, որ կատարվածի մեղավորները կպատժվեն, և «շուտով դատական համակարգը կսկսի աշխատել այս ուղղությամբ»:
Իր հերթին, Զելենսկին ասել է, որ Ռոհանիի հետ զրույցի ընթացքում իրենք պայմանավորվել են, որ «մեղավորներից ոչ ոք չի խուսափի պատժից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոհանին ներողություն է խնդրել և լիովին խոստովանել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել իրանական զինուժի սխալ գործողության պատճառով: Նա նաև ցավակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին: