Ամերիկացի երկու զինվորականներ սպանվել են, ևս երկուսը վիրավորվել Աֆղանստանի հարավում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով՝ հայտնում է Khaama գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության հայտարարությունը:
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Քանդագար նահանգում:
Պենտագոնի քաղաքականության համաձայն՝ զոհերի անունները կհաղորդվեն ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ կտեղեկացնեն նրանց հարազատներին:
2001 թվականից ի վեր ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Աֆղանստանում իրականացնում են գործողություններ ընդդեմ «Թալիբան» շարժման և այլ խմբերի, ներառյալ ԴԱԻՇ-ը և «Ալ-Քաիդան»: