ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայում հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջ: Այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:
Փոմպեոն կրկնել է մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի մեծ ավանդ ունենալ տարածաշրջանի անվտանգության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Զրույցի ընթացքում նաև շոշափվել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծության և «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում է տարածաշրջանի համար»: