Rwanda Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի չվերթը, որ նախատեսվում էր իրականացնել հունվարի 8-ի գիշերը Բեն Գուրիոնի օդանավակայանից (Թել Ավիվ) դեպի Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի, անհայտ ժամանակով հետաձգվել է տեխնիկական անսարքության պատճառով: Ըստ իսրայելական «Ռեշեթ Բեթ» ռադիոկայանի՝ ինքնաթիռի շարժիչը այրվել է թռիչքին նախորդող արագություն հավաքելու ժամանակ՝ գրում է eadaily.com-ը:
Ինքնաթիռում եղել են ավելի քան 100 ուղևոր՝ բոլորը Իսրայելի քաղաքացիներ: Անսարքությունը հայտնաբերելուց հետո նրանց շտապ տարհանել են ինքնաթիռից և վերադարձրել տերմինալ:
Ռադիոկայանի թղթակից Շարոն Իդանն իր թվիթերյան էջում հրապարակել է այրվող շարժիչով ինքնաթիռի տեսանյութը։ Լրագրողը հիշեցրել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն տիպի ինքնաթիռում, որը կործանվել է Թեհրանի մերձակայքում հունվարի 8-ի առավոտյան:
Հատկանշական է նաև, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումից հետո տեղական ԶԼՄ-ները վթարի պատճառը համարել են շարժիչի այրվելը Boeing-ի թռիչքից անմիջապես հետո: